Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԵ) 9,2 միլիոն եվրո անհրաժեշտ կլինի Իրանի միջուկային ծրագիրը ստուգելու համար, Կառավարման խորհրդի նիստին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: 

Նրա խոսքով, այդ գումարից 6,2 միլիոն եվրոն կուղղվի այն հավելյալ միջոցների իրականացմանը, որոնք համաձայնեցվել են Թեհրանի եւ  «վեցնյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ:

ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենը պնդում է, որ այդ ծախսերը արձանագրվեն  կազմակերպության կանոնավոր բյուջեում, մինչդեռ ներկա պահին այդ աշխատանքները ֆինանսավորվում են բարի կամքով արվող մուծումների հաշվին: 

«ՄԱԳԱՏԵ-ն այդ միջոցառումների համար ընթացիկ ֆինանսավորման կարիք ունի», - հայտարարել է Ամանոն` դիմելով Կառավարման խորհրդին: Նրա խոսքով, կազմակերպությանն ամսական 800 հազար եվրո է անհրաժեշտ: «Ամսական եւս 160 հազար եվրո անհրաժեշտ կլինի համաձայնագրի ընդունման պահից մինչեւ նրա իրագործման սկիզբը, որովհետեւ պետք կլինի նախապատրաստական աշխատանքներ կատարել», - ավելացրել է նա` երկրներին կոչ անելով ապահովել անհրաժեշտ ֆինանսավորումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թեհրանն ու «վեցնյակը» Վիեննայում հուլիսի 14-ին համաձայնեցրել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, որը կոչված է երաշխավորելու միջուկային ծրագրի խաղաղ բնույթը եւ ապահովել Թեհրանի հանդեպ միջազգային եւ միակողմանի պատժամիջոցների վերացումը: