Իրանի վրա հարձակվելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան կատակ, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին, հաղորդում է ILNA գործակալությունը:

Ֆիրուզաբադին հավելել է, որ Իսրայելը չի համարձակվի հարձակվել 70-միլիոնանոց բնակչություն ունեցող երկրի վրա, որը պատրաստ է հակահարված տալ: Բացի այդ, նրա խոսքով, իրանական բանակը ամենաժամանակակից զենք եւ սպառազինություն ունի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ սպառազինությունների, զանգվածային ոչնչացման զենքի տարածման վերահսկողության եւ ահաբեկչության հարցերով խորհրդական Հարրի Սեյմորը հայտարարել է, թե Իրանին առնվազն մեկ տարի է պետք ատոմային զենք ստեղծելու համար: Վերլուծաբանները վստահ են, որ Սպիտակ տան  տվյալ հայտարարությունն ուղղված է «իսրայելցի դիտողներին»: Ավելի վաղ Իսրայելը մտավախություն էր հայտնել, որ Իրանը կարող է մի քանի ամսում ուրանը հարստացնել մինչեւ մարտագլխիկներ ստեղծելու վիճակի: