«Հայկական ժամանակ» թերթն անդրադարձել է կարտոֆիլի շուկայում տեղի ունեցող գների աճին: «Վրաստանում կարտոֆիլը ավելի քան երկու անգամ էժան է: Այստեղ 250-300 դրամ է, այնտեղ՝ 150, ընդ որում ծովափնյա քաղաքներում՝ Բաթումի, Փոթի, Ուռեկի…Այսինքն, դժվար չէ կռահել, որ ասենք Ախալքալակում, որտեղ շատ ավելի լավ կարտոֆիլ է աճում, մեկ կիլոգրամի մեծածախ գինը կլինի մոտ 100 դրամ: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ Վրաստանից պետք է կարտոֆիլ ներկրվի Հայաստան: Սա այնքան տրամաբանական է, որքան այն, որ ջուրը բարձր կետից պետք է հոսի դեպի ավելի ցածր կետ: Սա ֆիզիկայի տարրական օրենքներից է, իսկ այն, որ Վրաստանից, որտեղ կարտոֆիլը երկու-երեք անգամ էժան է, պետք է գա  Հայաստան, արդեն տնտեսագիտության տարրական օրենքներից է»:

«ՀԺ»-ի թղթակիցը  գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանից փորձել է պարզել, թե ինչո՞ւ է Վրաստանում կարտոֆիլն էժան, իսկ Հայաստանում՝ ոչ, եւ ինչո՞ւ Վրաստանից Հայաստան կարտոֆիլ չի ներկրվում: «Գալիս է կարտոֆիլ»,-հայտարարել է փոխնախարարը: Բա ինչո՞ւ գինը չի իջնում՝ թերթի հարցին Ավետիսյանը պատասխանել է. «Դե գիտե՞ք ինչ, հիմա այն շրջանն է, որ վաղահասը վերջացել է, նորը դեռ  նոր-նոր են սկսել քանդել, էն էլ քանդում են, որովհետեւ երեխաները  շուտով դպրոց են գնալու, պետք է ինչ-որ բան վաճառեն»: Լավ, դա հասկանալի է, բայց այս պահին Վրաստանում 100 դրամ է, Հայաստանում՝ 250-300 դրամ: «Դե բնակլիմայական պայմաններ են…»,-Վրաստանում կարտոֆիլի էժանությունն այսպես է բացատրել փոխնախարարը: