Հայաստանի ցորենի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Մանանա գրեյն» ընկերությունն առաջիկայում Հայաստան կներկրի ցորենի հերթական խմբաքանակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը: Նա նշեց, որ ընկերության՝ ցորենով բեռնված նավերն այժմ Փոթիում են, եւ առաջիկա օրերին Հայաստան կհասնեն:
Ցորենի այդ խմբաքանակը Հայաստան է ներկրվելու ռուսական ընկերությունների հետ ավելի վաղ (մինչեւ Ռուսաստանի կողմից սահմանված արգելքը) ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում: Թե որքա՞ն են ներկրվող պաշարները, «Մանանա գրեյնի» փոխտնօրենը գերադասեց չհայտնել: «Նորմալ պաշարներ են»,-ասաց նա, սակայն դժվարացավ պատասխանել, թե այդ պաշարները որքան ժամանակվա համար կբավականացնեն Հայաստանին: Հարցին, թե ի՞նչ գնով է իրենց ընկերության կողմից ձեռք բերվել ցորենի վերջին խմբաքանակը, Մանուկյանն ասաց. «Ցորենը ձեռք է բերվել տարբեր գներով, քանի որ ցորենի շուկայում գնային աստիճանական աճ է տեղի ունեցել: Իսկ վերջին պոչը գնվել է մաքսիմալ բարձր գնով»: Չնայած այս հանգամանքին, Մանուկյանի խոսքով, «Մանանա գրեյնը» կաշխատի, որպեսզի ալյուրի շուկայում գների աճ չլինի: «Մենք կաշխատենք կոմպենսացնել նախկին եւ նոր ձեռքբերումները, որպեսզի խուսափենք գների աճից: Բայց եթե հանկարծ նոր պայմանագրերը լինեն այնպիսին, որ ցորենը թանկ գնով ներկրենք, ապա բնականաբար կլինի գների որոշակի աճ»,-ասաց նա: Մանուկյանը նշեց նաեւ, որ դեռեւս գործնական քայլեր չեն իրականացնում այլ երկրներից ցորեն ներկրելու ուղղությամբ, սակայն մտադիր են եվրոպական մի շարք երկրներից, մասնավորապես`Գերմանիայից, Բուլղարիայից առաջիկայում ցորեն ներկրել:
Նկատենք, որ «Մանանա Գրեյն» ընկերությանը բաժին է ընկնում Հայաստան ներկրվող ցորենի 34,4 տոկոսը, իսկ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը՝ շուկայի 47,3 տոկոսը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական հացահատիկի եւ դրանից պատրաստվող ապրանքների արտադրությունը որոշ ժամանակով կդադարեցվի, որը պայմանավորված է երկրի մի քանի շրջանները վնասած երաշտով։ Բացի այդ՝ Ռուսաստանից հացահատիկի արտահանման նկատմամբ արգելք է սահմանվել, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից եւ կշարունակվի մինչեւ տարեվերջ: Նշենք, որ Հայաստանը հացահատիկի մեծ մասը հիմնականում ներկրում է Ռուսաստանից՝ տարեկան 300-400 հազար տոննա: Ռուսաստանը հացահատիկի արտահանմամբ 4 տեղն է զբաղեցնում աշխարհում, ԱՄՆ-ից, Եվրամիությունից եւ Կանադայից հետո:




























