Ucom ընկերությունը դեռ չի որոշել՝ կպահպանի արդյոք Orange բրենդը մեկ տարի հետո։ Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողներին հայտնել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։
Այն հարցին՝ արդյոք ընկերությունը մտադիր է 12 ամսյա համաձայնության ավարտից հետո ֆրայչայզինգի իրավունքով օգտագործել Orange բրենդը՝Բարսեղյանը պատասխանել է , որ այդ հարցը դեռ չի քննարկվել։ «12 ամսվա աշխատանքի արդյունքներով մենք կորոշենք ՝ արդյոք շահավետ է թողնել հին բրենդը , թե պետք է այն փոխարինել նորով»,- հայտարարել է Բարսեղյանը։
Հիշեցնենք , որ օգոստոսի 20-ին «Orange Armenia»-ն (ֆրանսիական Orange հեռահաղորդակցության ընկերության դուստր ընկերությունը) պաշտոնապես Ucom -ին է փոխանցել բաժնետոմսերի 100 տոկոսը։
Հուլիսի 22-ին «Orange Armenia»-ն հայտարարել է հայկական շուկայից հեռանալու մասին։ Որպես պատճառ ընկերությունը նշել է հեռանկարների բացակայությունը․ որոշակի եկամուտների պայմաններում ընկերությունը հնարավոր չի համարում տեխնոլոգիական ցանկալի զարգացումը։




























