Երեւանում րոպեներ առաջ ավարտվել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի դեմ առ դեմ հանդիպումը:
«Մենք քիչ առաջ ձեզ հետ նեղ շրջանակով բանակցություններ ենք վարել, քննարկել հարցերի լայն շրջանակ: Այստեղ փոխըմբռնում կա, ուստի այժմ կքննարկենք որոշ տնտեսական թեմաներ ավելի հանգամանալից... Հուսով եմ, այդ բանակցությունների գագաթնակետը կլինի մի ամբողջ շարք փաստաթղթերի ստորագրումը, որոնք պատրաստվել են երկու կողմերից»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:
Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ուլյանովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովը, Ռուսաստանի նախագահի՝ Հյուսիս-Արեւմտյան դաշնային օկրուգում լիազոր-ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, այլ պաշտոնատար անձինք:
Հայկական կողմից մասնակցում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք:



























