Ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստանից ԱՄՆ մեկնած  եւ օրերս վթարից մահացած 16-ամյա Լիլիթ Գեւորգյանը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից էր, սովորում էր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում:

NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանը պատմեց, որ Լիլիթը  դպրոցի լավագույն աշակերտուհիներից էր, գերազանց առաջադիմություն ուներ:

«Շատ խելացի էր, կազմակերպված, հավասարակշռված, գիտակ աղջիկ էր: Տնտեսագիտական հոսքում էր սովորում, նկարը դպրոցի պատին կա գերազանցիկների շարքում: Ինքը տրամադրված էր, իր սեփական նախաձեռնությամբ որոշեց գնալ: Սա հարված էր բոլորս համար»,-ասաց Նունե Դոլինյանը, որի խոսքով աղջկա մահը սգում է ամբողջ դպրոցը:

16-ամյա Լիլիթ Գեւորգյանի մահվան լուրը ցնցել է նաեւ նրա հարեւաններին:

Նրանց խոսքով՝ Լիլիթը միշտ օրինակ է եղել հասակակիցների համար իր խելացիությամբ եւ  աշխատասիրությամբ: Լիլիթը ընտանիքի կրտսեր զավակն էր:

«Լիլիթով միշտ հպարտացել ենք, ինտելիգենտ ընտանիք է, իրենց ընտանիքը օրինակ է եղել մեզ համար: Հայրը պատմության ուսուցիչ է, մայրն էլ`  խելացի կին. երեք երեխաններին ինքն է կրթել»,- պատմեց հարեւաններից մեկը:

Հարեւանների խոսքով աղջիկն ԱՄՆ էր մեկնել օգոստոսի 18-ին, նա մեկ տարի պետք է ապրեր եւ սովորեր այնտեղ:

Լիլիթ Գեւորգյանը  մահացել է Թեքսասում ավտովթարից: Վթարի պահին 16-ամյա Լիլիթ Գեւորգյանը եղել է կվադրոցիկլի ղեկին։ Շերիֆը նշել է, որ ամենայն հավանականությամբ աղջիկը բլրի վրա կորցրել է մեքենայի կառավարումը:Ավելի ուշ աղջիկը մահացել է հիվանդանոցում: