Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման ժամկետների մասին արձանագրությունը ստորագրվել է Երեւանում օգոստոսի 20-ին:

Ինչպես հաղորդում է  NEWS.am-ի թղթակիցը, ռուսական կողմից այն ստորագրել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, հայկական կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ արձանագրության (պայմանագրի հոդվ. 25), նախատեսվում է, որ ռուսական ռազմակայանը Հայաստանում կմնա 49 տարի, նախկին 25-ի փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմակայանը բացի «ՌԴ շահերի պաշտպանության ապահովումից», այժմ ապահովելու է նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակով Հայաստան են առաքվելու «ժամանակակից եւ համատեղելի սպառազինություն, ռազմական (հատուկ) տեխնիկա»: