Իրանի Բուշերի ատոմակայանը յուրահատուկ է` միջուկային զենքի չտարածման ռեժիմը  խստագույն կերպով պահպանելու առումով: Նման մեկնաբանությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ տեղեկատվական դեպարտամենտը, կապված Իրանում Բուշերի ատոմակայանի շահագործման հետ:

«Ատոմակայանի շահագործման ողջ ընթացքում վառելիքը մատակարարելու է Ռուսաստանը` այն վերադարձնելու պայմանով: Միաժամանակ շահագործման ողջ գործընթացը, ինչպես նաեւ վառելիքի մատակարարումն ու դրա վերադարձը գտնվելու է ՄԱԳԱՏԵ-ի ամբողջական վերահսկողության ներքո: Դա բացառում է միջուկային վառելիքի հետ կապված ցանկացած մանիպուլյացիա»,- ասված է ՌԴ ԱԳՆ մենաբանության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Բուշերի ատոմակայանի ռեակտորի շահագործման մեկնարկը կտրվի օգոստոսի 21-ին: Այդ արարողությանը կմասնակցեն ռուսական պատվիրակությունը` «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի գլխավորությամբ եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալիխին: Միաժամանակ, լրատվամիջոցները հայտնում են, որ հնարավոր է, Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, ռմբակոծելով նաեւ Բուշերի ատոմակայանը: