ՀԱՊԿ գոյության ողջ ընթացքում առաջին անգամ օգոստոսի 20-22-ը անդամ-պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կայանալու է Հայաստանում: Երեւան են ժամանում ՀԱՊԿ անդամ-պետությունների առաջին դեմքերը՝ Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Գագաթնաժողովին չի լինի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երեւան է ժամանել գագաթաժողովից երկու օր շուտ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է օգոստոսի 19-ին՝ պետական այցով:
Ինչպես գագաթնաժողովի նախօրեին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գագաթնաժողովն անցնելու է վստահության մթնոլորտում: «Դասերը, որ մենք քաղում են ղրղըզական դեպքերից, պետք է բերեն նրան, որ ձեռնարկվեն լրացուցիչ ջանքեր ՀԱՊԿ արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ասել է նա:
ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, ստորագրված 1992թ. մայիսի 15-ին: Վրաստանն ու Ադրբեջանը եւս ստորագրել են պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994թ,: 5 տարի անց Ադրբեջանը, Վրաստանն ու Ուզբեկստանը հրաժարվեցին կրկին ստորագրել պայմանագիրը, եւ մտան ՎՈՒԱՄ-ի մեջ: Հետագայում, սակայն, Ուզբեկստանը դուրս եկավ ՎՈՒԱՄ-ից եւ 2006թ. վերադարձավ ՀԱՊԿ:




























