ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Կոտայքի մարզ եւ ծանոթացել Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում իրականացվող Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից, նրան ուղեկցել է նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Ջրամբարի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2006թ-ին: Ջրամբարը կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա տարածք:
Փոխվարչապետին տեղեկացրել են, որ աշխատանքներն ընթանում են ողջ ծավալով եւ արդեն ավարտական փուլում են: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք կավարտվեն նախատեսված ժամկետներում:




























