Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ խաղաղություն է, ոչ` պատերազմ, բայց լավ է, որ պատերազմ չէ, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այս մասին, ըստ NEWS.am-ի թղթակցի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների համատեղ կայացած  ասուլիսում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Երեւանի համար ընդունելի չէ ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական առաքելության ձեւաչափի փոփոխությունը: «Միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է հասնել հաջողության ԼՂ խնդրի կարգավորման հարցում»,- ասել է ՀՀ նախագահը:

Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ այդ հարցում շեշտը պետք է դնել արդյունավետության վրա: «Կարեւոր է արդյունքը, այլ ոչ թե այս կամ այն ինստիտուտները: Բայց այդ ինստիտուտները պետք է ընդունելի լինեն կողմերի համար»,- ասել է Մեդվեդեւն ու հավելել, որ անհնար է ինստիտուտներ փաթաթել կողմերի վզին: Նա ընդգծել է, որ դեռեւս, ինչ-որ արդյունավետություն ցուցաբերել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ մնացած բոլոր կառույցները բավարար չափով ծանոթ չեն հակամարտության էությանը, ուստի պատրաստ չեն միջնորդական առաքելության: «Եւս մեկ անգամ կրկնեմ, որ պետք է շեշտը դնել առաքելության արդյունավետության վրա, իսկ դա հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ռուսաստանի միջնորդությամբ»,- հայտարարել է Մեդվեդեւը: