Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը 49 տարով  երկարաձգելու մասին պայմանագիրը բխում է մեր ազգային շահերից։ Օգոստոսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Նրա կարծիքով, թյուր է որոշ մարդկանց կողմից հնչեցվող այն  կարծիքը, թե մեր երկրում ռուսական ռազմակայանի ներկայության երկարաձգումը հարցականի տակ է դնում Հայաստանի ինքիշխանությունը: «ԱՄՆ-ն, օրինակ, աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 600 ռազմաբազաներ, բայց այդ երկրներից ոչ մեկը ինքնիշխանության հետ կապված որեւէ խնդիր չունի։ Ինչո՞ւ, ուրեմն, ռուսական ռազմական հենակետի առկայությունը պետք է խանգարի Հայաստանի ինքնիշխանությանը, ազատությանն ու ինքնուրույնությանը»,- նշեց Գագիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ռուսական զինուժի՝ մեր երկրում տեղակայված լինելը ողջունելի է հատկապես Թուրքիայի նման հարեւան ունենալու պարագայում: «Ավելին, կարծում եմ, ռուս 5000 զինվորականները քիչ կլինեն թուրքական հնարավոր առաջին հարվածի ժամանակ»,- կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրենը։

Անդրադառնալով վերջերս շրջանառվող լուրերին, թե Թուրքիան մտադրություն ունի ռազմաբազա հիմնել Նախիջեւանում, Հարությունյանը նկատեց, որ դա խիստ մտահոգիչ նորություն է, որը խոսում է Թուրքիայի աճող ագրեսիայի մասին։  

Նշենք, որ ըստ կնքվելիք պայմանագրի, նախատեսվում է  Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկարաձգել 49 տարով։