«Գեղամա» ռեստորանից օգոստոսի 19-ին սննդային թունավորման նախանշաններով Երեւանի տարբեր հիվանդանոցներ տեղափոխված թվով 38 հիվանդները առողջացել ու դուրս են գրվել: Իսկ հոսպիտալացված 3 հիվանդի առողջական վիճակը բարավարար է, նրանք ունեն առողջացման դրական դինամիկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: Նշենք, որ օգոստոսի 19-ին ՀՀ առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել այն մասին, որ ժամը 21:00 սահմաններում Երեւան քաղաքի տարբեր բուժկանխարգելիչ կազմակերպություններ են տեղափոխվել «Գեղամա» ռեստորանում կատարվող հարսանյաց հանդեսին մասնակցող թվով 41 մարդ`աղիքային թունավորմամբ, նախնական ախտորոշումը` «սննդային սուր թունավորում, սննդային տոքսիկոինֆեկցիա»: Առողջապահության նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ ահազանգն ստանալուն պես, նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել եւ իրականացվել է օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ հիվանդներն օգտվել են հանրային սննդի կազմակերպությունում պատրաստված կերակրատեսակներից: Պարզվել է նաեւ, որ բոլոր հիվանդների մոտ արձանագրվել է փսխում, սրտխառնոց, թուլություն, որովայնի շրջանում ցավեր, լուծ: Որոշ հիվանդների մոտ` նաեւ դող, սարսուռ եւ ջերմություն:
Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել են կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ: «Գեղամա» ռեստորանում կազմակերպվել եւ իրականացվել են ախտահանման աշխատանքներ:
Ժամանակավորապես դադարեցվել է վերջինիս գործունեությունը: Ոսումնասիրության ժամանակ օգտագործված սննդամթերքից, ջրից, շրջակա միջավայրից, ինչպես նաեւ ողջ անձնակազմից վերցվել են նմուշներ թունավորման պատճառագիտությունը պարզելու եւ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:
Կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները ներկա դրությամբ շարունակվում են:




























