Այս տարի DigiTec Expo 2010 ամենամյա ցուցահանդեսը, որը տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է, այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ին` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից(ԻՏՁՄ):
DigiTec Expo-ի շրջանակներում կանցկացվեն նաեւ մի շարք հարակից միջոցառումներ: Դրանք են` DigiTec Տեխնոլոգիական ֆորում - Համահայկական ինժեներական ֆորում, որին ակնկալվում է հայաստանյան եւ սփյուռքի շուրջ 1500 ինժեներների մասնակցություն: DigiTec Start Up forum - Նորաստեղծ ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները եւ գործունեությունը: Էլեկտրոնային կառավարում ֆորում - ՀՀ կառավարության եւ առընթեր մարմինների էլեկտրոնային ծառայությունների ներկայացում: DigiLife սեմինարների շարք, Համակարգչային խաղեր նախագծողների Հայաստանի բաց առաջնություն, «Երեւան Գիտության փառատոն», Արմռոբոտիքս- Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն:
Նախատեսվում է, որ միջոցառմանը ակտիվ մասնակցության կունենան` National Instruments, Synopsys, Ucom, Intracom, I-con, Unicomp, EIF, Nork, Apaga, Instigate, GNC, Softline, Scancode, Lanar, Credence, YETRI եւ մի շարք այլ ընկերություններ: Առաջին անգամ այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաեւ գերմանական Krohne ընկերությունը:
Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա 15.000 այցելու եւ 60 մասնակից ընկերություն:
Նշենք, որ այս տարի անցկացվող DigiTec Expo 2010 ամենամյա ցուցահանդեսը անցկացվում է արդեն 6-րդ անգամ: Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծումն է: Այն նաեւ հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Ցուցահանդեսը միտված է միջազգային կապերի ընդլայնմանը եւ արտերկրյա ներդրումների ներգրավմանը հայաստանյան ՏՏ ոլորտ:



























