Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել տարածաշրջանային նշանակություն ունեցող նոր էներգետիկ նախագծերի ծրագրում կամ, այլ խոսքով, որոշ ժամանակով հետաձգել է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության ժամկետների փոփոխությունը կապված է Իրանի ներքաղաքական իրավիճակի հետ, քանի որ «երկրում ներկայումս կառավարություն չի ձեւավորվել, եւ մենք չենք կարող աշխատել իրանական կողմի հետ»:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Իրանը նախատեսում են Արաքս գետի վրա կառուցել Հարավային Կովկասում երկու ամենախոշոր ՀԷԿ-երը, հայկական կողմից՝ Մեղրիում, իսկ իրանական կողմից՝ Կարաչիլարում: Յուրաքանչյուր կայանն ամեն տարի արտադրելու է 800 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա: