Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւային Հայաստանի պատմության թանգարանում ներկայացրել են ամենահին, 5500-ամյա հնություն ունեցող կաշվե կոշիկը, որը վերջերս է հայտնաբերվել Արենիի քարանձավներից մեկում:

Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին տիկնայք՝ Ռիտա Սարգսյանն ու Սվետլանա Մեդվեդեւան այսօր՝ օգոստոսի 20-ին այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ եւ պատմության թանգարան:

Ազգային Պատկերասրահում Սվետլանա Մեդվեդեւային ներկայացվել է հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հավաքածուի ստեղծման եւ դրանում ռուսական կողմի ակտիվ մասնակցության պատմությունը: Ներկայացվել է հայ դասական գեղանկարչության լավագույն վարպետների ստեղծագործությունների ընտրանին՝ Վարդգես Սուրենյանցի, Գեւորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադեւոսյանի եւ Փանոս Թերլեմեզյանի տարբեր տարիների կտավները:

Պատկերասրահի տնօրինությունը Սվետլանայի Մեդվեդեւային է նվիրել պատկերասրահի ալբոմն ու Այվազովսկու կտավների պատկերագիրքը:

Ռիտա Սարգսյանն ու Սվետլանա Մեդվեդեւան եղել են նաեւ Հայաստանի պատմության թանգարանի տարբեր սրահներում, ծանոթացել ցուցանմուշներին՝ հնադարից մինչեւ մեր օրերը:

Աշխարհի ամենահին կաշվե կոշիկը հայտնաբերվել է Արենիի քարանձավներից մեկում: Այն թվագրվում է մ.թ.ա. 3600-3500 թվականներով, եւ պատրաստված է կաշվի ամբողջական կտորից: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների կարծիքով, դա ամենահին կաշվե կոշիկն է: Այն ներկայումս պահվում է  Հայաստանի պատմության թանգարանում: