Այսօր` օգոստոսի 20-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվել է Վահան Խալաֆյանի սպանության գործով դատաքննությունը: Դատարանում ցուցմունք է տվել Ոստիկանության Չարենցավանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի  ավագ օպեր-լիազոր Գագիկ Ղազարյանը: Վերջինս տուժողի իրավահաջորդի եւ մեղադրող դատախազներ Հարություն Հարությունյանի եւ Կորյուն Փիլոյանի  հարցերին պատասխանում էր ցածր ձայնով, որպեսզի դահլիճում ներկաների համար իր ցուցմունքները լսելի չլինեին:

Գագիկ Ղազարյանը նախաքննական մարմնում, Հատուկ քննչական ծառայությունում, իր տված ցուցմունքում գրել էր, որ Խալաֆյանի մահվան հետ կապված իրեն մասնակի է մեղավոր համարում, իսկ դատարանում ցուցմունք տալիս հայտարարեց, որ իրեն տեղի ունեցածի մեջ ընդհանրապես մեղավոր չի ճանաչում: Երբ Կորյուն Փիլոյանը դիմեց ամբաստանյալին, նշելով, որ նրա նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ, ամբաստանյալ Ղազարյանը մի քանի րոպե դադար տվեց, որից հետո ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ «այլ հանքամանքներ կան»:

Երբ տուժողի իրավահաջորդ Արտակ Զեյնալյանը դիմեց Գագիկ Ղազարյանին, որպեսզի նա ներկայացնի դեպքի օրը տեղի ունեցած որոշ մանրամասներ, մասնավորապես այն, թե բժիշկները քանի՞ հոգի են եղել եւ արդյոք կրե՞լ են սպիտակ խալաթներ,  Ղազարյանը սկսեց անհասկանալի բառեր արտասանել, ինչից դահլիճում նստած Խալաֆյանի հարազատներն ու մտերիմները արձագանքեցին. «Ստախոս, մի' խաբիր»: Իսկ երբ Ղազարյանը հայտնեց, որ Վահան Խալաֆյանը ինքնասպանություն է գործել դանակով, դահլիճում կրքերն ավելի բորբոքվեցին եւ միմյանց հասցեին սկսեց հնչել սեռական բնույթի հայհոյանքներ: Դատական կարգադրիչների միջամտության արդյունքում, միջադեպը լուրջ ձեռնամարտի չվերածվեց: Կրքերը հանդարտվելուց հետո, դատավոր Մեսրոպ Մակյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար դատարանի դահլիճից հեռացրեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանին, Վարդան Խալաֆյանին (Վահան Խալաֆյանի եղբայրը), նրա հորեղբայրներ Արա եւ Ռուբիկ Խալաֆյաններին, հորեղբոր որդի Արթուր Խալաֆյանին, իսկ ամբաստանյալներ, ոստիկանության Չարենցավանի քրեական  հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին ու Գագիկ Ղազարյանին հայտարարեց զգուշացում:

Հայտարարված ընդմիջումից հետո Արտակ Զեյնալյանը պատճառաբանելով, որ դահլիճում մթնոլորտը լարված է, միջնորդեց դատարանին, որպեսզի դատական նիստը հետաձգվի մինչեւ հաջորդ օրը: Այս միջնորդությանն առարկեցին մեղադրողներն ու ամբաստանյալները:

Ըստ հաստատված կարգի, պետք է ցուցմունք տար նախորդ դատական նիստում դեռեւս իր ցուցմունքը չավարտած Մորիս Հայրապետյանը: Վերջինս այսօր հրաժարվեց շարունակել իր ցուցմունքը եւ պատասխանել հարցերին, պատճառաբանելով, թե պատրաստ չէ: Ցուցմունք տալու հերթը հասավ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանին, ում փաստաբան Սեդա Սաֆարյանը դատարանին հայտնեց, որ թեեւ իր պաշտպանյալը պատրաստ է ցումունքներ տալ եւ պատասխանել դատարանի հարցերին, սակայն դատարանից խնդրեց, որպեսզի դատական նիստը կայանա հաջորդ օրը: Աշխատանքային օրն ավարտվելու կապակցությամբ, դատական նիստը հետաձգվեց մինչեւ վաղը` օգոստոսի 21-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը բերման է ենթարկվել Չարենցավանի ոստիկանության բաժանմունք` գողության կասկածանքով, սակայն այնտեղից դուրս է բերվել նրա դին: Գործում նշվում , որ ոստիկանները խոշտանգել են նրան եւ Խալաֆյանն ինքնասպան է եղել, այնինչ սպանվածի հարազատները պնդում են, որ Վահանին ուղղակի սպանել են դանակի հարվածներով: Խալաֆյանի սպանության գործով որպես ամբաստանյալ անցնում են 4 ոստիկան` Աշոտ Հարությունյանը, Մորես Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը:

Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի