Բաքվում գնալով շատանում են Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծման կողմնակիցները: Համոզմունքը, որ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել հնարավոր չէ, գնալով գերիշխող է դառնում Ադրբեջանում: Թուրքական Hürriyet Daily News & Economic Review-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի ղեկավար Սինան Օգանը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` դիվանագիտական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը, հաջողությամբ չեն պսակվել եւ նույնիսկ ձգձգել են խնդրի լուծումը:

«Սխալ է մտածել, որ Բաքվի նման հայտարարությունները թելադրված են Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկությամբ: Ուղղակի Ադրբեջանն աշխարհին հայտարարում է. «Եթե դուք չեք կարողանում լուծել այդ հակամարտությունը, ապա մենք ինքներս դա կանենք»,- ասել է Օգանը:

Վերլուծաբանի կարծիքով, Ադրբեջանի հիասթափությունը կապված է խնդրի լուծման հարցում առաջընթացի բացակայության հետ, որն ուղեկցվում է այն համոզումով, որ Անկարան դավաճանել է իրեն` փորձելով հաշտվել Երեւանի հետ: Սա իրավիճակն ավելի վտանգավոր է դարձնում:

Այս համատեքստում, ըստ թուրք փորձագետի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցելությունը Հայաստան «մեսիջ» է Ադրբեջանին` չդիմել ռազմական գործողությունների: Նրա կարծիքով, եթե ռազմական գործողություններ սկսվեն, դա կարճաժամկետ բնույթ կկրի եւ կառնչվի միայն Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջաններին: «Բուն Ղարաբաղում պատերազմ չի լինի, բայց Ադրբեջանը կարող է հարվածել, գրավելու համար ԼՂ-ին հարակից տարածքները»,- նշել է նա:

Օգանը կասկած է հայտնել կարճաժամկետ պատերազմին Ռուսաստանի միջամտության հետ կապված: «Ռուսաստանն իրավունք չունի միջամտել Ղարաբաղին հարակից տարածքներում ռազմական հակամարտությանը: Ռուսաստանը կարող է օգտագործել ինչ-որ փոքր հակամարտություն, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա` նպատակ ունենալով կարգավորել խնդիրը, քանի որ ռուսական կողմը չի ցանկանում պահպանել ստատուս-քվոն»,- ամփոփել է թուրք փորձագետը: