Ադրբեջանում ծանր հանցագործություններ քննող ռազմական դատարանը վճիռ է կայացրել հայերի մոտ գերի ընկած ադրբեջանական բանակի զինվորի նկատմամբ։
«ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ, դատարանը որոշել է, որ Ռաֆիգ Ռահման օղլու Հասանովի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ապացուցված է։ Դատարանի որոշմամբ, Հասանովը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։
Մեղադրանքի մեջ նշվում է, որ Ադրբեջանի N զորամասի զինծառայող 21-ամյա Ռաֆիգ Ռախման օղլու Հասանովը 2008 թվականի հոկտեմբերին Ղազախի շրջանի շփման գծում գերի է ընկել հայկական կողմին։
Ըստ դատարանի վճռի, Հասանովը հանցագործություն է կատարել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն), որն իր մեջ ներառում է թշնամու կողմն անցնելու, լրտեսություն կատարելու, պետական գաղտնիք բացահայտելու, օտար պետությանը կամ էլ նրանց ներկայացուցիչներին աջակցելու, Ադրբեջանի դեմ թշնամական գործունեություն իրականացնելու մեղադրանքները:




























