Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարները Կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտից հետո մեկնել են Սեւան: Նրանք «Հարսնաքար» համալիրում երկկողմ հանդիպումներ կունենան եւ կշարունակեն աշխատանքային քննարկումները:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 20-22-ին Հայաստանում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Երեւան են ժամանել ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահները. Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Գագաթաժողովին չի լինի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երեւան է ժամանել գագաթաժողովից երկու օր շուտ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է օգոստոսի 19-ին՝ պետական այցով:
ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, ստորագրված 1992թ. մայիսի 15-ին: Վրաստանն ու Ադրբեջանը եւս ստորագրել են պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994թ,: 5 տարի անց Ադրբեջանը, Վրաստանն ու Ուզբեկստանը հրաժարվեցին կրկին ստորագրել պայմանագիրը, եւ մտան ՎՈՒԱՄ-ի մեջ: Հետագայում, սակայն, Ուզբեկստանը դուրս եկավ ՎՈՒԱՄ-ից եւ 2006թ. վերադարձավ ՀԱՊԿ:



























