Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը, որը միջազգային ասպարեզում պաղեստինցիների պաշտոնական ներկայացուցիչն է համարվում, համաձայնել է սեպտեմբերի սկզբին վերսկսել պաղեստինա-իսրայելական բանակցությունները: Հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրավիրել է Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարներին սեպտեմբերի 2-ին Վաշինգթոնում վերսկսել Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման բանակցությունները: Ավելի ուշ նմանատիպ կոչով հանդես է եկել նաեւ միջնորդ «քառյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ եւ Եվրամիություն):

Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը ողջունել է «քառյակի» հայտարարությունը, որտեղ նշվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու մասին: «Քառյակը» հույս է հայտնել, որ բանակցությունները կբերեն պաղեստինյան տարածքների օկուպացիայի վերացմանը եւ պաղեստինյան անկախ, ժողովրդավարական եւ կենսունակ պետության ստեղծմանը:

Միաժամանակ Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ Իսրայելի կողմից անօրինական շինությունների կառուցումը կարող են ձախողել բանակցությունները:

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական բանակցությունները դադարեցվել էին 2008-ի դեկտեմբերին` Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողություններից հետո: Ներկայումս Իսրայելը տվել է իր համաձայնությունը ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ: