Կստեղծվի՞ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆեդերացիա կամ կձեւավորվի՞ համագործակցության մեկ այլ ձեւաչափ, երկու երկրների դիվանագիտական բանակցությունների հարց է, Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն։

«Վրաստանի եւ Ադրբեջանի նման փոքր երկրներին միշտ էլ տարածաշրջանային հարաբերությունների զարգացում է անհրաժեշտ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Կալանդաձեն։

Նրա խոսքով, այս փուլում խոսքը գնում է իրավական շրջանակների մասին։ «Այս նախաձեռնության մասին արդեն բարձրաձայնվել է, իսկ մնացածը երկու երկրների դիվանագիտական բանակցությունների հարց է»,- հայտարարել է փոխնախարարը, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»։

Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆեդերատիվ փոխհարաբերությունների ձեւավորման հնարավորության մասին հուլիսին բարձրաձայնել է Միխայիլ Սահակաշվիլին: