Մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀԿ-ական պատգամավոր «Մաքս գրուպ» կոնցեռնի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը պարտքերի պատճառով սնանկացման եզրին է: Ավելին՝ որ նա իրեն պատկանող «Լուսակերտի թռչնաֆաբրիկան» վաճառել է «X գրուպին»: «Ժամանակ թերթն այս մասին զրուցել է Խաչիկ Մանուկյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում Ձեր անվան հետ կապված հրապարակումները: Որքանո՞վ են ճիշտ այդ հրապարակումները:

Այդ գրածները հիմարություններ են: Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: «Լուսակերտի թռչնաֆաբրիկան» ոչ մեկին չի վաճառվել: Ում մտքով ինչ անցնում, ինչ բամբասանք լսում են, իրականության տեղ ներկայացնում են: Չեմ ուզում իջնել նրանց մակարդակին ու անդրադառնալ այդ ստերին: Որ չեմ էլ պատասխանում այդ հիմարություններին, մտածում են՝ ինչ ուզեն, կարող են գրել:

Գրված էր, որ ԱԺ ընտրությունների ժամանակ բավական մեծ գումարներ եք պարտք վերցրել՝ քարոզարշավին ծախսելու համար:

Նման բան չկա: Բոլորին ես եմ պարտք տվել, ո՞նց կարող եմ պարտք վերցնել:

Իսկ Ձեր ու Արագածոտնի մարզպետի միջեւ լարված հարաբերությունների մասին ի՞նչ կասեք: Ըստ մամուլի՝ իրար դեմ եք պայքարում:

Ես մարդկանց դեմ չեմ պայքարում:

...Այսօր ընդհանուր առմամբ ո՞նց է  ձեր բիզնեսը:

Շատ փայլուն չէ, բայց նորմալ: Բոլորս էլ տնտեսական ճգնաժամից դուրս ենք գալիս, ինվեստիցիաներ ենք անում: Սա մի դժվար ժամանակաշրջան է ոչ միայն ինձ համար, այսօր բոլոր գործարարների համար էլ ծանր ժամանակաշրջան է, որովհետեւ ճգնաժամը շարունակվում է:

Բա կառավարությունը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասում են ճգնաժամից դուրս ենք եկել... :

Ընդհանուր առմամբ, այո, դուրս ենք եկել: Բայց մեզ համար հենց հիմա դեռ ճգնաժամ է: Թռչնաբուծական ֆերմաներում այսօր ճգնաժամ է, ոչ միայն մեզ մոտ, այլեւ՝ մյուսների մոտ էլ է նույն վիճակը, քանի որ ձվի գերարտադրություն է ընթանում: Մենք խնդիրներ ունենք ձվի գերարտադրությունից ու խնդիր ունենք թռչնամսի ներկրողից: Այստեղ լուրջ խնդիր կա, որ գյուղնախարարությունը, կառավարությունը մտածի, մսի նորմալ արտադրություն կազմակերպելու մասին, իջեցնի ներմուծման քանակը: Դրա համար հարկավոր է ընդամենը մի քանի հստակ մոտեցումներ, հարկավոր է ընդամենը կառավարության, պետության կարգավորիչ դերի ճիշտ կիրառումը տնտեսության այդ ճյուղերի զարգացման մեջ: