Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը երեկ՝ օգոստոսի 20-ին ընդունել է Տաջիկստանի ԱԳ նախարար Համրոխոն Զարիֆիին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտգործնախարարները հանդիպման ժամանակ գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների մակարդակը լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր բնագավառներում Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ արդյունավետ համագործակցության խորացման եւ ընդլայնման համար: Կողմերը վերահաստատել են երկկողմ պատրաստակամություն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նախարարները կարեւորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Տաջիկստանի փոխգործակցության խորացումը, ընդգծել երկու երկրների միջեւ տնտեսական ներուժի կիրառման, գործարար շրջանակների միջեւ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Ըստ նախարարների՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման եւ թարմացման առումներով:

Էդվարդ Նալբանդյանն ու Համրոխոն Զարիֆին անդրադարձել են նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին: