Ռուսաստանը Հարավային Կովկասում գործելու է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանելու շահերից, NEWS.am-ին հայտնել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի Երեւանում արած հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վտանգ սպառնալու դեպքում գործելու է ՀԱՊԿ շրջանակներում իր պարտավորությունների համաձայն:
«Իսկ հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասում՝ խաղաղությունն ու կայունությունը պահպանվելու են միայն հավասարակռության ապահովման պայմաններում: Եւ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Աբխազիային եւ Հարավային Օսիային: Կարծում եմ՝ ապագայում այդ ցանկին կավելանա նաեւ Իրանը: Եւ երկու երկրների միջեւ կիրացվի Իրանին պաշտպանական սպառազինություններ հատկացնելու պայմանագիրը»,- նկատել է փորձագետը՝ հավելելով, որ այդ տեսանկյունից պետք է դիտարկել Հայաստանի ռուսական ռազմակայնների գործողության ժամկետի երկարաձգումը:
Նրա խոսքով, ռազմակայանի ժամկետի երկարաձգումը եւ աշխարհաքաղաքական նշանակության ընդլայնումը թափանցիկ ակնարկ է այն ուժերին, որոնք փորձում են Հարավային Կովկասը ռազմական պլացդարմ դարձնել:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ անդամներ են: Ռուսաստանը դաշնակցային պարտավորություններ ունի ՀԱՊԿ շրջանակներում եւ շատ լուրջ է վերաբերվում դրանց»:




























