Ռուսաստանն ու Իրանը օգոստոսի 21-ին «Բուշեր» ատոմակայանը համատեղ կառավարելու ձեռնարկություն ստեղծելու մասին փաստաթուղթ են ստորագրել։ Ատոմակայանի ֆիզիկական գործարկումը կկայանա հենց այսօր՝ օգոստոսի 21-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսական կողմից փաստաթուղթը ստորագրել է «Ատոմստրոյէքսպորտ»-ի ղեկավար Դան Բելենկին, իրանական կողմից՝ Nuclear Power Production and Development ընկերության ղեկավար Մահմուդ Ահմադիան։
Իրանում տված մամուլի ասուլիսի ժամանակ Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է «Բուշերի» ԱԷԿ-ին այնքան վառելիք մատակարարել, որքան անհրաժեշտ է։ «Սա յուրահատուկ նախագիծ է , քանի որ դրա շինարարությունը գերմանական ընկերության կողմից սկսվել է 36 տարի առաջ»,- ասել էր Կիրիենկոն։
Իրանի փոխնախագահ, Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին իր հերթին ընդգծել էր, որ խորհրդանշականորեն ԱԷԿ-ը բացվում է Ռամադան սրբազան ամսում։
Իրանը եւ Ռուսաստանը խաղաղ ատոմային ծրագրի շուրջ համագործակցության համաձայնագիր կնքել էին 1992 թվականին։ 95-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ավարտել «Բուշեր» ԱԷԿ-ի առաջին էներգոբլոկի շինարարությունը։



























