Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 21-ին, մեկնել են Մասիս եւ Էջմիածին քաղաքներ ու հանդիպել ՀԱԿ տեղի ակտիվի հետ: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանդիպման մասնակիցներից մեկը՝ ՀԱԿ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը: Նա նշեց, որ այդ այցերը նախահանրահավաքային բնույթ ունեն:

Հանդիպումների ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչները քննարկել են  Հայաստանի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ռուսական ռազմաբազաների տեղակայմանը վերաբերող հարցեր: «Քննարկել ու  բացատրել ենք  Հայաստանին վերաբերող խնդիրները՝ այսօր տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնի վրա: Ներկայացրել ենք նաեւ մեր պատկերացումները այդ խնդիրների լուծման հետ կապված»,- ասաց Սարգսյանը: 

Նշենք, որ նրա հետ մեկտեղ Մասիս ու Էջմիածին են մեկնել նաեւ Եվրախորհրդում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանն ու ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: 

Աշոտ Սարգսյանն ասաց, որ առաջիկայում եւս կլինեն մի քանի մարզային այցելություններ: «Հավանաբար, մինչեւ հանրահավաքի մեկնարկը կմեկնենք Երեւանին մոտիկ մյուս քաղաքաները եւս»,- նշեց  ՀԱԿ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի հաջորդ  հանրահավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 17-ին: