Շվեդիայում որոշել են ձերբակալել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ The Local –ը՝ վկայակոչելով՝ Expressen պարբերականին, հաղորդում է, որ կայքը մասնագիտացված է գաղտնի նյութեր տպագրելու ուղղությամբ։ Ասանժին մեղադրում են բռնաբարության եւ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Ըստ որոշ լրատվամիջոցների, տուժածները երկու կանայք են, ովքեր օգոստոսի 20-ին՝ ուրբաթ օրը, Ստոկհոլմի ոստիկանություն են դիմել։
Շվեդական դատախազությունը հաստատել է, որ ձերբակալության թույլտվություն է տվել։ Նրանց պարզաբանմամբ, նման որոշումը հիմնավորված է նրանով, որ կասկածյալը հնարավոր է խոչընդոտի հետաքննության ընթացքին։
Ասանժը հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Նա էլեկտրոնային նամակ է ուղարկել Ստոկհոլմի Dagens Nyheter պարբերականի խմբագրություն, որում հարցնում է, թե « Ինչո՞ւ են մեղադրանքները հայտնվել հատկապես հիմա»։ Վերջին ժամանակներս WikiLeaks-ի աշխատակիցները ուժեղ ճնշման են ենթարկվում ամերիկյան իշխանությունների կողմից, ինչը պայմանավորված է, այսպես կոչված, Պենտագոնի «աֆղանական թղթապանակի» հարապարակմամբ։
Ջուլիան Ասանժը Ավստրալիայի քաղաքացի է։ Նրա գնտնվելու վայրը ներկայումս անհայտ է։ Անցած շաբաթ նա այցելել է Ստոկհոլմ, որտեղ մասնավորապես, մամուլի ասուլիսով է հանդես եկել ու խոստացել, որ ի հավելումն արդեն հրապարակված նյութերի, շուտով ինտերնետում կտեղադրվեն «աֆղանական թղթապանակի» եւս 15 հազար փաստաթղթեր։



























