Ինֆորմացիոն հիգիենայի հիմնական կանոնները պահպանելու հարցում  խնդիրներն աճում են, իսկ այդ ուղղությամբ հասարակությանը կրթելով ոչ ոք չի զբաղվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ վերջերս  հայտնվել են «կրիպտո» տեսակի ծրագրային  վիրուսներ, որոնք համաճարակի են նման: Դրանք ներթափանցում են համակարգիչ, կոդավորում են ֆայլերը, և օգտատերերը ստիպված պետք է վճարեն կիբեր ավազակներին,  որպեսզի կարողանան օգտվել իրենց ֆայլերից:

«Մարդիկ սկսել են տուժել ֆինանսապես: Այս տարի Հայաստանում ունեցանք մեծ թվով օգտատերեր, որոնք դարձան կրիպտո-վիրուսի թիրախ, այն մտնում է համակարգչի մեջ, կոդավորում ֆայլերը, նորից վերականգնելու համար օգտատերերը ստիպված պետք է գումար վճարեն կիբերավազակներին, սակայն երաշխիք չկա, որ նրանք կվերականգնեն ֆայլերը: Սա նման է համաճարկի»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետն օգտատերերին խորհուրդ տվեց ծանոթանալ համակարգչից ավելի գրագետ օգտվելու կանոններին, առնվազն հետեւել ամենատարրական կանոններին` դժվար կոմբինացիա ընտրել գաղտնաբառերի համար  և անվստահելի կայքերի հղումներով չանցնել։