Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքը բողոք է հայտնել Թբիլիսիում եւ Բաթումիում արվամոլների շքերթ անցկացնելու մասին շրջանառվող շշուկների առնչությամբ։ «Այլասերված սեքսուալ հարաբերությունները ծանր մեղք են, եւ նրանք, ովքեր այն գործել են, Դժողքի տանջանքներից խուսափելու համար կարող են ազատվել իրենց մեղքերին թողություն տալով, խոստովանությամբ եւ մաքրագործվելով ։ Ընդհանրապես, մեղքն ու նրա բոլոր դրսեւորումները գոյություն են ունեցել մարդկության պատմության ողջ ընթացքում, բայց երբեք այն թույլատրելի երեւույթ չի համարվել։ Այսօր ուղղակիորեն կամ միջնորդավորված, իրավիճակը փոխվում է»,- ասված է պատրիարքի հայտարարության մեջ։
«Մենք պարտավոր ենք ինչպես մարդկային բարոյականության անկումն, այնպես էլ արվամոլությունը, միասեռականությունը եւ այլ ապականող երեւույթներն օրինականացելու իրավունք ունեցողներին եւս մեկ անգամ նախազգուշացնել, որ նրանք վաստակում են Աստծո խիստ ցասումը, որը տարածվելու է ողջ ազգի վրա։
Մենք խնդրում ենք իշխանություններին՝ թույլ չտալ սոդոմների ու գոմորների հրապարակային երթը, որպեսզի այն չդառնա սարսափելի մեղքի եւ հասարակության վրդովմունքի պատճառ։
Դառնանք այն ճանապարհին, որը մեզ ցույց է տվել Տերը, որպեսզի Նա օրհնի, հանգստացնի, միավորի եւ ուժ տա ամենայն Վրաստանին»։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, վրացական մի շարք լրատվամիջոցներ փոխանցել են, որ այդ երկրի մայրաքաղաքում առաջին անգամ սեռական փոքրամասնությունների շքերթ է անցկացվելու։ Ակցիան նախատեսվում է անցկացնել օգոստոսի 26-ին։ «Գեյ-շքերթի» անցկացման օրն ընտրելիս կազմակերպիչներն առաջնորդվել են նրանով, որ օգոստոսի վերջը արձակուրդների թեժ ժամանակաշրջան է, եւ հասարակության դիմադրությունն այդ ակցիային նվազագույն կլինի։
Թբիլիսիի իշխանությունները հրաժարվում են այդ առնչությամբ մեկնաբանություններ անել։




























