«Կոմերսանտ» թերթը հրապարակել է Մոսկվայի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Մահոմեդալի Վահաբովի՝ դաղստանյան Գունիբ շրջկենտրոնում իրականացված ոչնչացման հատուկ գործողությունների մանրամասները։
Ուժայինները նրան համոզել են հանձնվել, սակայն հանցագործը հրաժարվել է անել դա։ Գործողություններն սկսելուց մեկ ժամ հետո, զինյալները կրակ են բացել հատուկջոկատայինների ուղղությամբ։ «Կոմերսանտի» տվյալներով բանակցությունների սկզբում Վահաբովը փորձել է ճեղքել օղակը, սակայն վիրավորվել է եւ հետ վերադարձել։
Պատասխան համազարկից հետո տանը հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է հինգ դիակ՝ Մահոմեդալի Վահաբովի, նրա կանանց, զինված խմբավորումներից մեկի առաջնորդ Սալահուդին Զաքարյաեւի 17-ամյա որդու եւ եւս մեկ անհայտ տղամարդու մարմիններ։
Ինչպես հայտնել են ծայրահեղական կայքէջերը, մինչեւ մահը Զաքարյաեւը հեռախոսով կապվել է լրատվամիջոցների հետ եւ հայտնել Վահաբովի վերջին խոսքերը։ Նա, իբր, ասել է. «Ես վիրավոր եմ... ես գնում եմ Դրախտ»։
Ռուսական հատուկ ծառայությունները Վահաբովին Մոսկվայի մետրոյում մարտի 29-ին տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչ են համարում։ Պայթյունն իրականացնողներից Մարիամ Շարիպովան Վահաբովի կինն էր։



























