Լոս Անջելեսում անցկացվող «Սիրո փառատոնի» ժամանակ ձերբակալվել են 80 երիտասարդներ, որոնց մեծամասնությունը` թմրանյութեր օգտագործելու համար, հաղորդում է Associated Press-ը, հղում անելով տեղի իշխանություններին:
Լոս Անջելեսի հրշեջ պահպանության ծառայության աշխատակիցների խոսքով, փառատոնի 16 այցելուների անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն ցուցաբերել, որոնցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Այս դեպքն իր վրա է սեւեռել հասարակության ուշադրությունը, քանի որ դրանից երկու ամիս առաջ էլեկտրոնային երաժշտության փառատոնի ժամանակ 15-ամյա մի աղջիկ էր մահացել` թմրանյութերի գերդոզավորումից:
«Սիրո փառատոնի» մասնակից մի քանի անչափահասների ձերբակալել են, որովհետեւ նրանք փորձել են կեղծ փաստաթղթերով մուտք գործել փառատոնի տարածք: Նրանք կեղծել են իրենց տարիքը, որպեսզի կարողանան մասնակցել երեկոյին: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 4 հազար մարդ:



























