Ավստրալիայում այս կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթող չի եղել. ո'չ իշխող լեյբորիստական կուսակցությունը, ո'չ ընդդիմադիր կոլաիցիան (Լիբերալ եւ Ազգային կուսակցությունների միավորումը) դեռեւս չեն հավաքել կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ քվեներ: Դրա համար անհրաժեշտ է 76 տեղ ունենալ խորհրդարանում:

Լեյբորիստների առաջնորդ, երկրի գործող վարչապետ Ջուլիա Գիլարդը եւ ընդդիմադիրների առաջնորդ Թոնի Էբբոթը խոստովանել են, որ ընտրությունների արդյունքներն անորոշ են մնում: Ընդ որում, Էբբոթը հայտարարել է, որ կառավարությունն արդեն կորցրել է լիգիտիմությունը, քանի որ լեյբորիստները խորհրդարանում կորցրել են մեծամասնությունը: Երկու թեկնածուներն էլ սկսել են բանակցություններ վարել անկախ թեկնածուների հետ:

Հիշեցնենք, որ Ավստրալիայում կառավարություն ձեւավորելու համար կուսակցությունները պետք է խորհրդարանում ունենան առնվազն 76 տեղ: Ընտրությունների արդյունքների 77,7 տոկոսի հաշվարկից հետո Թոնի Էբբոթի գլխավորած կոալիցիան 150 հոգանոց խորհրդարանում ստացել է 72 մանդատ, իսկ երկրի վարչապետ Ջուլիա Գիլարդի գլխավորած կուսակցությունը` 70 մանդատ: Այսպիսով, 1940 թվականից ի վեր, առաջին անգամ Ավստրալիայում կարող է ստեղծվել կալիցիոն կառավարություն: