Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի առթիվ:
Նախագահի ուղերձում, մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
1990 թվականի օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային եւ ուղենշային դրվագներից է: Այն խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի եւ ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը եւ մարմնավորում անկախ պետականության մեր դարավոր ձգտումը:
Անցած երկու տասնամյակները հստակորեն ցույց տվեցին, որ հռչակագիրը տեղին էր ու ժամանակին, որ նրանում ամրագրված նպատակներն ու գաղափարները կենսունակ էին, եւ հայության բոլոր հատվածների ջանքերով շարունակում են հետեւողականորեն կյանքի կոչվել:
Մեր հռչակած ուղեգիծն իրականություն դարձնելը դյուրին չէր, բայց հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին եւ դավանած արժեքներին:
Փորձությունները չշեղեցին մեզ քաղաքական ազատության եւ սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու մեր ճանապարհից:
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք եւ ստեղծագործ աշխատանք` հանուն մեր երկրի եւ հանուն ապագա սերունդների, որոնք պետք է վայելեն Անկախության հռչակագրի սերմանած պտուղները»:



























