Օգոստոսի  21-22-ին Բեյրութում գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայաբնակ Այնճար գյուղում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին եւ Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների բացման եւ  փակման հանդիսավոր արարողություններին եւ հանդես եկել ելույթով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը եւ միջոցառումներին մասնակցել են ԼՂՀ նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Լիբանանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին եւ Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Բակո Սահակյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, նշելով. «Անսահման ուրախ եմ, որ Լիբանանի այս գողտրիկ անկյունում արթուն եմ տեսնում հայկական շունչն ու ոգին, լեզուն ու մշակույթը, հավատը եւ դարերի խորքից եկող մեր ավանդույթներն ու սովորությունները:

Մուսալեռցիների հերոսական օրինակն ու ազատատենչ ոգին 95 տարի շարունակ ոգեշնչել են սերունդներին եւ կոչել նոր խիզախումների:

Մեր պատմության փառապանծ էջերից մեկը հանդիսացող այդ հերոսամարտից տասնամյակներ  անց հայ ժողովուրդը կրկին ոտքի ելավ` պաշտպանելու հայրենի հողը եւ այդ հողում ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իր իրավունքը: Դա Արցախյան ազգային-ազատագրական շարժումն էր, որը կրկին վերածնեց հայ ժողովրդի հաղթական ոգին եւ հավատը սեփական ուժերի հանդեպ: Աշխարհը մեկ անգամ եւս համոզվեց, որ օրհասական պահերին մենք կարող ենք լինել ուժեղ ու միասնական, կուռ ու անսասան, համախմբվել ու համատեղել մեր ջանքերը` հանուն համազգային գաղափարների ու նպատակների իրականացման:

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ հիշարժան հոբելյանների առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Ինչքան հզոր լինի մեր Սփյուռքը, այնքան հզոր կլինի Հայրենիքը, ինչքան հզոր լինի Հայրենիքը` այնքան հուսալի եւ ապահով կլինի հայ ժողովրդի ապագան: Այս գործում իր ուրույն դերակատարությունն ունեք դուք` հերոս մուսալեռցիների շառավիղներդ: Վստահ եղեք, հայրենիքում միշտ հիշում են ձեզ, ուրախանում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, կիսում ձեր հոգսերն ու դժվարությունները: Միայն այսպես, ձեռք ձեռքի, մենք կարող ենք ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ հասնել նոր հաղթանակների»: