Օրեր առաջ Թուրքիայի փոխվարչապետի հակահայ հայտարարությանը շատ խիստ է արձագանքել թուրքական խորհրդարանի միակ քրդական կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիթաշը: Նա փոխվարչապետին խորհուրդ է տվել թլպատող աշխատել։

Fırat գործակալության փոխանցմամբ՝  քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիթաշը արձագանքել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքի այն հայտարարությանը, թե PKK-ի  ահաբեկիչների մի մասը  թլպատված չեն, ինչը շատ բանի մասին է խոսում (նկատի ունենալով, որ նրանք հայեր են-խմբ.): Դեմիթաշը դիմել է թուրքական կառավարությանը՝ խորհուրդ տալով լռեցնել Ջեմիլ Չիչեքին, եթե իսկապես, ցանկանում են լուծել քրդական խնդիրը։

«Չիչեքը, հասարակությանը մոլորեցնելու համար նշում է, թե PKK-ի զինյալները թլպատված չեն։ Չիչեքին թվում է, թե քրդական խնդիրը ոչ թե քուրդ ժողովրդի ինքնության, լեզվի ու մշակույթի խնդիրն է, այլ՝  քուրդ զինյալների թլպատման խնդիրը։ Եթե Չիչեքը այդպես է կարծում, եկեք նրան դարձնենք կառավարության թլպատողը, թող գնա Քանդիլ ( Շրջան Հյուսիսային Իրաքում, որտեղ թաքնվում են քուրդ զինյալները) եւ այդ խնդիրը լուծի»-նշել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդը։

Նշենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ խոսել էր 80-ականների ահաբեկչությունների մասին, նշելով թե հայկական «ահաբեկչության» եւ PKK-ի ահաբեկչության միջեւ սերտ համագործակցություն կա եւ հավելել, թե  PKK-ի ահաբեկիչների մի մասը թլպատված չեն, նկատի ունենալով, որ նրանք հայեր են։