Թուրքիան երբեք որեւէ քայլ չի ձեռնարկի, առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերը: Սակայն Անկարան երբեմն կարող է հայտնվել որոշ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջեւ, դրանով ակամա դեմ գնալով Բաքվի շահերին: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետի խորհրդական Գեյբուլա Ռամազանօղլին, մեկնաբանելով սեպտեմբերի 11-17-ին Երեւանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորության հարցը:
Նրա խոսքով, ներկայումս ընթացող բոլոր բանակցություններն ու քայլերը կատարվում են ըստ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ պայմանավորվածությունների: «Պատահական չէ նաեւ վերջերս Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցելությունը Բաքու: Պաշտոնական անձանց հետ հանդիպումների ժամանակ քննարկվում են հարցեր, որոնք նշված չեն ոչ մի փաստաթղթում: Կարծում եմ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտոնատար անձինք շատ հարցեր են քննարկել, որոնցից միայն մի մասն է հրապարակվել»,- ասել է Ռամազանօղլին:
Հարցին, թե ինչո՞ւ է Աբդուլա Գյուլը Բաքվում խուսափել հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ հարցից, թուրք խորհրդականը պատասխանել է. «Ակնհայտ է, որ երբ չեն ցանկանում քննարկել որոշ լուրջ հարցեր, խուսափում են դրանց վերաբերող հարցերին պատասխանելուց: Դիվանագիտությունը իրականությունը թաքցնելու կարողությունն է: Իմ կարծիքով, հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորության մասին հարցին Աբդուլա Գյուլը կարող էր կոնկրետ պատասխանել. «Ոչ»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար անհրաժեշտ զինատեսակները Թուրքիայից Հայաստան կբերվեն Վրաստանի տարածքով: ՆԱՏՕ-ի զորավարժությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 11-17-ին Հայաստանի Կոտայքի մարզում: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ալմաթիում կայացած ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովում հայտարարել էր, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ իր սահմանները` ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ:
Այդուհանդերձ, Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները նշում են, որ չնայած Անկարայի պաշտոնական հայտարարություններին, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ սահմանը բացվելու է: Մասնավորապես CNN Turk-ը տեղեկցնում էր, որ Իգդիրի նահանգապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է դեպի Հայաստան տանող ճանապարհների վիճակը:




























