«20 տարի առաջվա անցուդարձից ահագին բան մոռացվել է, սակայն հիշում եմ, որ ասում էի՝ Աստվա’ծ, տեսնես առաջին հանրապետության առաջին երկու տարին կկարողանանք գերազանցել, թե ոչ»,- օգոստոսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վերհիշեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը՝ շնորհավորելով ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակի կապակցությամբ։
Նրա խոսքով, սրանից 2 տասնամյակ առաջ լուրջ կասկածներ կային, թե կկարողանա՞, արդյոք, հարատեւել մեր անկախությունը. «Այն ժամանակ տեսակետ կար, թե մեր անկախությունը երկնքից ընկած անկախություն էր։ Սակայն ինչպես տեսնում եք, մեր անկախությունը 10 անգամով գերազանցեց առաջին հանրապետության գոյատեւման ժամկետը»,- ընդգծեց Ռուբինյանը՝ ավելացնելով, որ ինքը լիարժեք գոհ եւ երջանիկ կլիներ, եթե մեր աչքի առաջ չլինեին օր-օրի կատարվող որոշակի երեւույթներ, որոնք քայքայում են հայոց պետականության հիմքերը. «Այսօր մեր անկախության ռեսուրսը անխնա կերպով սպառվում է. սա անշուշտ, շատ անհանգստացնող երեւույթ է»,- նշեց նախկին ՀՀՇ-ական գործիչը։
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 20 տարին: Ուղիղ 20 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով սկիզբ դրվեց անկախության գործընթացին: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն (կրճատ` Հայաստան), իսկ հաջորդ օրը` օգոստոսի 24-ին ընդունվեց դրոշի մասին օրենքը, որով Հայաստանի պետական դրոշ ճանաչվեց եռագույնը:
1990-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում Անկախության հռչակագրի տեքստը կարդաց Արամ Մանուկյանը, ով այսօր ՀՀՇ վարչության նախագահն է:



























