Ռուսաստանի կառավարության որոշումը՝ դադարեցնել հացահատիկի արտահանումը, տնտեսական տեսանկյունից, կարելի է անհեթեթ համարել:
Սա դիվերսիա էր հենց ռուս արտադրողների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ մեկնաբանելով հացահատիկի շուկայում ստեղծված իրավիճակը:
Ըստ Ասատրյանի՝ Հայաստանում ցորենի սեփական արտադրության ծավալները բավարար չեն ինքն իրեն ապահովելու համար: Նախկինում Հայաստանն արտադրել է իր պահանջարկի 40 տոկոսը, ներկայումս հազիվ 30 տոկոսը: «Ռուսաստանի կացնային որոշումը պետք է կաթվածահար աներ Հայաստանը»,- ասել է Ասատրյանը եւ արձանագրել, որ այդ որոշումից հետո Հայաստանում չհիմնավորված աճեցին հացի գները, այն դեպքում, երբ օգոստոսի սկզբին դեռ ոչ մի գրամ ցորեն չէր ներկրվել:
Ասատրյանը նկատել է, որ 2010թ. անբարենպաստ է լինելու նաեւ Հայաստանում հացահատիկի արտադրության համար: Մասնավորապես եթե 2009թ. Հայաստանում արտադրվել է 374 հազար տոննա հացահատիկ, 2010-ին փաստացի արտադրությունը կազմելու է 254 հազար տոննա:
Որպես ելք ԿԲ նախկին նախագահը նշել է Հայաստանում անհրաժեշտ պահուստների ստեղծումը: Նա արձանագրել է, որ պետական պահուստներում 2 շաբաթվա ցորեն կա, ինչը բավարար է միայն մի քանի օրվա համար:
Ասուլիսի մյուս բանախոս, Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը նկատել է, թե չի կիսում ընդդիմադիր գործչի կարծիքը: Նա հիմնավորված է համարել հացի գնի աճը՝ այն բացատրելով միջազգային շուկաներում հացի գնով եւ Հայաստանում շուկայի ազատականացման փաստով:
Մինչդեռ Բագրատ Ասատրյանը նշել է, որ Հայաստանում ոչ միայ հացի, այլեւ առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների շուկայում մենաշնորհ է հաստատվել, եւ վատ վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կան այդ մենաշնորհները: «Հայաստանում մի օրենք է գործում: Միջազգային շուկաներում գները աճում են` Հայաստանում աճում են, միջազգային շուկաներում իջնում են` Հայաստանում՝ աճում են»,- նշեց ընդդիմադիր գործիչը:
Որպես իր ասածի վառ ապացույց, Բագրատ Ասատրյանը ներկայացրեց նաեւ մյուս ապրանքների դեպքերը: Մասնավորապես թեեւ կարտոֆիլի արտադրությունը բավարարում է Հայաստանին, անգամ արտահանման հնարավորություններ կան, սակայն այն Հայաստանում ավելի թանկ է քան եվրոպական երկրներում: «Իսկ միսը Հայաստանում շատ ավելի թանկ արժի, քան Նյու Յորքում, էլ չասած հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի մասին», ամփոփեց Ասատրյանը:


























