Համացանցի հայ օգտատերերը չպետք է ռուսական գրաքննության զոհ դառնան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «ՌոսԿոմՍվոբոդա» ռուսական հասարակական նախագծ առաջատար իրավաբան Սարգիս Դարբինյանը: Նրա կարծիքով, համացանցում հասանելիության ազատության սահմանափակումներն անհիմն են եւ պետք է վիճարկվեն:
Ռոսկոմնադզորի արգելված կայքերի ռեեստրում արդեն ավելի քան 300 հազար ցանցային ռեսուրս կա: Կոնկրետ բովանդակության համար արգելված կայքերի թիվը, սակայն, մեծ չէ: Դրանց մեծ մասը փակվել է այն պատճառով, դրանք եղել են նույն IP-հասցեների վրա, ինչ արգելված կայքերը:
Արգելված կայքերի հասանելիությունն արգելափակում են նաեւ համացանցի օպերատորներ «Ռոստելեկոմ»-ն ու «Բիլայն»-ը: Իրավաբանի խոսքով, ստացվում է, որ այլ երկրների օգտատերերը նույնպես իրենց վրա զգում են ռուսական գրաքննության խնդիրները:
Ներկայում, ըստ Դարբինյանի, Ռուսաստանում առցանց-պոկերի կայքերի եւ դեղատների փակման մասին օրինագիծ են պատրաստում: Հարցին, արդյո՞ք դա կապված է լիցենզիայի բացակայության հետ, Դարբինյանը պատասխանեց. «Պարզապես մարդիկ ցանկանում են լիցենզիա տրամադրել եւ դրա շնորհիվ գումար վաստակել»:
Արգելք է սպառնում նաեւ այն կայքերին, որոնք «սեւ» ներկրմամբ ապրանքներ են վաճառում: Ապրանքների թափանցիկ փաստաթղթավորման անհրաժեշտության մասին նկատառմանը Դարբինյանը պատասխանեց. «Մենք զբաղվում ենք ցանցային ռեսուրսների պաշտպանությամբ՝ անկախ պետական մարմինների հետ նրանց իրավահարաբերություններից»:




























