Թուրքիան, հասկանալով, որ ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի իր համար, իր ԱԳՆ գլխավոր խորհրդական, բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլու գլխավորությամբ, պատվիակություն է ուղարկել ԱՄՆ՝ կարգավորելու աննախանձելի վիճակում գտնվող թուրք-ամերիկյան հարաբերությունները։
Թուրքական Radikal-ը, հենվելով դիվանագիտական աղբյուրների վրա, նշում է, թե Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Սելիմ Յենելը եւ Թաջան Իլդեմը օգոստոսի 23-24-ին Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից կարեւոր հանդիպումներ են ունենալու։ Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը ամերիկացի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկելու է Իրանի միջուկային խնդիրը, Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակը, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները։
Թուրքական կողմն ԱՄՆ պատասխանատուներին կփորձի համոզել, թե Թուրքիայի տեսակետներն այնքան էլ չեն տարբերվում ԱՄՆ-ի տեսակետներից, որ պարզապես Թուրքիայի նախաձեռնություններ են տարբերվում, սակայն նպատակները նույն են։
Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակությունը կփորձի Իսրայելի հետ լարված հարաբերություններից հետո, ԱՄՆ կոնգրեսում վերականգնել Թուրքիայի իմիջը։ Այդ համատեքստում, Թուրքիան ԱՄՆ ղեկավարությունից օգնություն կխնդրի՝ ԱՄՆ կոնգրեսի հետ Թուրքիայի հարաբերությունների հետագա բարելավման համար։
Թուրքական պատվիրակությունը մտադիր է նաեւ համոզել Օբամային, որպեսզի ժամ առաջ Ժոզեֆ Ռիկարդիոնեին հաստատեն Անկարայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում, քանի որ դա «երկու երկրների օգտին է լինելու»։



























