Թուրքական իշխանությունները մտադիր են արմատական փոփոխություններ իրականացնել ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ դրանցում բացառելով նախկինում արտաքին սպառնալիք համարվող չորս երկրների՝ Ռուսաստանին, Հունաստանին, Իրանին եւ Իրաքին:

Այս տարվա փետրվարին վարչապետ Էրդողանը հայտարարել է «Կարմիր գիրքը» վերանայելու մտադրության մասին, հենց այդ կերպ են անվանում ազգային անվտանգության փաստաթուղթը, գրում է Milliyet թերթը:

«Կարմիր գիրքը» պատրաստվում է  Թուրքիայի Գլխավոր շտաբի կողմից եւ վերջնական տեսք է ստանում Ազգային անվտանգության խորհրդում հավանության արժանանալուց հետո: Վերջին անգամ այն հաստատվել է 2005թ. հոկտեմբերին, երբ Անկարան բանակցություններ էր սկսել Եվրամիության հետ անդամակցության նպատակով:

2005թ. փաստաթղթում որպես սպառնալիք էին համարվում «իսլամական արմատականությունը, անջատողականությունն ու ձախակողմյան խմբավորումների գործունեությունը»: Հիմնական արտաքին սպառնալիքը համարվում էր ահաբեկչությունը: