Մեր երկրում ռուսական ռազմաբազայի ներկայության հարցն առաջ է քաշվել դեռեւս Հայաստանի անկախության առաջին օրերից՝ ելնելով այն փաստից, որ Հայաստանն այն ժամանակ ընտրություն այլ առաջարկ եւ տարբերակ չուներ։ Օգոստոսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարերեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը։

ՀՀՇ նախկին անդամը միաժամանակ չմերժեց, որ բոլոր այս տարիներին ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կայունացնող ազդեցություն է ունեցել։ «Սակայն ամենազարմանալի այն է, որ Ռուսաստանի նախագահի՝ մեր երկիր կատարած պետական այցի ժամանակ, հայաստանյան ոչ մի լրատվամիջոց չխոսեց Ադրբեջանին C-300 համալիր վաճառելու ռուսական կողմի մտադրության մասին, ինչն, ըստ էության, հասատատեց այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով դրա փոխարեն Մաշտոցի շքանշան ստացավ եւ հեռացավ այստեղից։ Եթե իշխանությունները վախենում են խոսել այն մասին, թե դրվե՞լ է, արդյոք, այս հարցը Մեդվեդեւի առջեւ, կարո՞ղ եմ ես ենթադրել, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վախեցել է այս թեմայով ծպտուն հանել»,- հարց բարձրացրեց Ռուբինյանը։

Նրա համոզմամբ, ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետի ավելացումը Հայաստանին ոչինչ չի տալիս, այնինչ Ռուսաստանը առաջ է մղում իր կայսերապաշտական ձգտումները։ «Ավելին, մնում է միայն վերապահումներ անել, թե որքանո՞վ վստահելի ռազմական գործընկեր է Ռուսաստանը Հայաստանի համար, մանավանդ Ադրբեջանին C-300 համալիր վաճառելու որոշում կայացնելուց հետո։ Սա Ռուսաստանի կողմից ակնհայտ թշնամական վերաբերմունք է Հայաստանի նկատմամբ»,- ընդգծեց Ռուբինյանը՝ հավելելով, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության 49 տարով երկարաձգումը եւ հայ-ռուսական հարաբերությունների այս հատվածը «առաջին արարն է, իսկ երկրորդը կսկսվի սեպտեմբերին, երբ Մեդվեդեւը կմեկնի Բաքու, ինչը հնարավոր է, սառը ցնցուղի ազդեցություն ունենա Հայաստանի վրա»: