Օգոստոսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել դեսպան Ադենին` հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար:

Բարձր գնահատելով դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները` ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան- ԵՄ համագործակցության շուրջ: Դեսպանի խնդրանքով անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:

Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ադենի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Հանս Գունար Ադենին: