Դոմենների անվան հայկական «.հայ» գոտու համար արդեն առաջին հայտերն են ստացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց .am գոտին կառավարող «Հայաստանի ինտերնետ հանրություն» կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը:

Հայտերի ընդունումը սկսվել է սեպտեմբերի 1-ից: Մինչեւ դեկտեմբերի 1-ը գրանցված ապրանքանիշերի եւ ֆիրմային անվանումների տերերն առաջնահերթ իրավունք ունեն դրանք գրանցել իրենց կայքերի անվանումներում: Նույն ժամանակահատվածում կառաջարկեն իրենց անվանումները գրանցել նաեւ պետական մարմիններին, ընդ որում, ինչպես ամբողջական, այնպես էլ կարճ տարբերակով:

Առաջնահերթ կարգով աշխարհագրական անվանումների հայտ կարող են ներկայացնել ինքնակառավարման համապատասխան մարմինները (օրինակ, երեւան.հայ-ի համար՝ Երեւանի քաղաքապետարանը):

Առայժմ ամբողջությամբ լուծված չէ հայերենի դասական եւ նոր ուղղագրության հարցը (առաջինը հիմնականում օգտագործում են արեւմտահայերը, երկրորդը՝ արեւելահայերը):

«Այստեղ շատ մեծ խնդիր կա: 2003-2004 թվականներին համացանցում ոչ լատինական տառերի օգտագործման ստանդարտացման միջազգային մարմինները Unicode-ից բացառեցին «և» տառը՝ հավանաբար ելնելով այն տրամաբանությունից, որ դրա մեծատառ տարբերակը չկա:

Երբ մենք առաջարկեցինք իրենց անունները գրանցել նախարարություններին եւ պետական այլ մարմիններին, ստիպված էինք նրանց զգուշացնել, որ «և» տառն անհնար է գործածել: Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, դասական ուղղագրության «եւ» տարբերակը:

Իսկ եթե խոսքն այն մասին է, որ դասական եւ նոր ուղղագրությամբ նույն բառերը համարժեքորեն ճանաչվեն՝ վերահասցեավորմամբ, ապա դա, հավանաբար, հավելվածներ մշակողների գործն է: Ամենայն հավանականությամբ, պահանջարկի դեպքում նրանք կկարողանան նման որեւէ բան ստեղծել»,- ամփոփեց Սաղիյանը: