Հայաստանում ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել է 29 դասախոս` աշխատակազմի մեկ երրորդը, այդ թվում` կառավարման եւ իրավաբանական ֆակուլտետների դեկանները:
Բուհի դասախոսները նամակ են հղել Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին եւ արձանագրել. «Առնվազն հիմնավորված չեն համալսարանում զանգվածային ազատումները: Ռեկտորի գործողություններով խախտվում է Սահմանադրությունը, քաղաքացիական եւ աշխատանքային օրենսդրությունը»:
Իրավաբանական ֆակուլտետի դասախոս Մարատ Ատովմյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, որ ռեկտորի որոշումը հիմնազուրկ է:
Դասախոսները դիմել են Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրանք պահանջում են իրենց վերականգնել աշխատանքում եւ համալսարանի ռեկտորից բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար` հարկադիր պարապուրդի համար:
Ֆրանսիական համալսարանից հայտնել են, թե պարզաբանումներ կարող է ներկայացնել միայն ռեկտորը` Ժոել լը Մորզելեկը, ով հիմա Հայաստանում չէ:


























