Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ուղիղ օդային կապը վերացնելուց 2 տարի անց ռուսական «Սիբիր» ավիաընկերությունը (S7 Airlines) Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթ է իրականացրել: Ինքնաթիռը շուրջ 10 ուղեւորներով Թբիլիսիի միջազգային օդնավակայան է ժամանել օգոստոսի 23-ի առավոտյան:

«Սիբիր» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել ուղիղ չարտերային չվերթներ իրականացնել մինչեւ հոկտեմբերի 3-ը:

Չվերթներ կիրականացվեն շաբաթվա մեջ 3 անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ շաբաթ օրերին Airbus A319 ինքնաթիռով։ Թռիչքը Մոսկվայից  10.25-ին է, իսկ ժամանումը Թբիլիսի 13.10-ին, հետադարձ թռիչքը` 14.00-ին եւ ժամանումը Մոսկվա՝ 16.50-ին:

Մինչ այս, միակ ընկերությունը, որն իրականացնում էր ուղիղ չարթերային թռիչքներ՝ Airzena Georgian Airlines-ն էր։ Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի առաջին չարթերային թռիչքները Ռուսաստանի տրանսպորտի նախարարության թույլտվությամբ` Airzena ընկերությունն իրականացրել է Զատիկի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մայիս-հունիսին Airzena-ն թույլտվություն  էր ստացել իրականացնելու Թբիլիս-Մոսկվա-Թբիլիսի 12 չարթերային թռիչք:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ուղիղ չվերթները հանվել են 2006 թվականից` երկու պետությունների միջեւ հարաբերությունների լարումից հետո: Այն որոշ ժամանակով վերականգնվեց 2008 թվականին, բայց օգոստոսյան պատերազմից հետո կրկին դադարեցվեց: