Թուրքիայի 96-ամյա բնակիչ Օմեր Սոսիալը համաձայնել է քվեարկել երկրի սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների օգտին, եթե իր համար կին գտնեն: Նա այս պայմանը ներկայացրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուաթ Կինիկլիօղլուի հետ զրույցում:

Կինիկլիօղլուն Օմեր Սոսիալի հետ հանդիպել է սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզչություն իրականացնելու ժամանակ: Զրույցի ընթացքում իշխող կուսակցության փոխնախագահը 96-ամյա ընտրողից հետաքրքրվել է, թե նա ինչպես է քվեարկելու հանրաքվեի ժամանակ: «Ես «կողմ» կքվեարկեմ, բայց փոխարենը դուք պետք է ինձ համար կին գտնեք, որի հետ կկարողանամ ամուսնանալ: Ես հոգնել եմ մենակ ապրելուց եւ ոչ ոք ինձ չի օգնում այդ հարցում»,- ասել է Սոսիալը: Իսկ թե ինչպես է սրան արձագանքել Կինիկլիօղլուն, անհայտ է:

Ավելի վաղ, NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Թուրքիայի սահմանադրությունում փոփոխություններ նախատեսող հանրաքվեն կայանալու է այս տարվա սեպտեմբերի 12-ին: