Վրաստանում ամենաազդեցիկ մարդը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է: Այդպես են կարծում «Քվիրիս պալիտրա» (Շաբաթվա ներկապնակ) շաբաթաթերթի ընթերցողները:

Պարբերականի կողմից անցկացված հարցման տվյալներով, առաջին տեղում (92,6 տոկոս)        Միխայիլ Սահակաշվիլին է, ումից 2 տոկոսով հետ է մնում ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին (90,4 տոկոս): Եռյակը եզրափակում է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան (35,1 տոկոս):

4-րդ տեղում արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին է, իսկ 5-րդ տեղում` ԱԳ առաջին փոխնախարար Գիա Բոկերիան:

Ընդ որում, հարցվածների մեծ մասը (63 տոկոսը) կարծում է, որ բարձր պաշտոնների նշանակվելու համար առաջին պայմանը երկրի նախագահին հավատարիմ լինելն է: 20 տոկոսը կարծում է, որ պաշտոնների նշանակվելը ուղիղ կապ ունի այդ մարդկանց քաղաքական հայացքների հետ: Պաշտոն ստանալու երրորդ չափորոշիչը արեւմտյան կրթություն ունենալն է, 4-րդը` արտաքին տեսքը: Այնուհետեւ գալիս են հաջող կարիերան, պրոֆեսիոնալիզմը եւ փորձը: Իսկ ամենավերջին տեղում հայտնվել է ազնվությունը: